Մեր ծառայությունները
ՀՀՏԴ-ում մեծ աշխատանք է կատարվում տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու գործում, որին էապես նպաստում են օժանդակ հետազոտության ժամանակակից սարքերը (ռենտգենյան, սոնոգրաֆիկ և էնդոսկոպիկ), տարբեր կաբինետների, լաբորատորիաների առկայությունը:
Էնդոսկոպիկ կաբինետում «Օլիմպուս» ֆիբրոբրոնխոսկոպով տարեկան կատարվում է շուրջ 400 հիվանդի բրոնխազննում, որը հնարավորություն է ընձեռում ախտորոշելու շնչառական համակարգի զանազան հիվանդություններ: Գործում է նաև ֆիզիաթերապևտիկ, ցողացրման կաբինետներ` անհրաժեշտ սարքավորումներով:
Տուբերկուլոզով հիվանդները բուժվում են DOTS ծրագրով (Directly observed treatment short-course , անմիջական հսկողությամբ կարճատև քիմիաթերապիա): Այն տևում է 6-8 ամիս և ներառում է 4-5 հակատուբերկուլոզային հիմնական պատրաստուկներ:
Նոր հայտնաբերված և թոքային քրոնիկական տուբերկուլոզով հիվանդները ստանում են բուժում համապատասխան բաժանմունքներում մինչև խորխի մանրէազերծումը:
Հոգեկան հիվանդություններով ուղեկցվող տուբերկուլոզով հիվանդների համար հատկացված է առանձին բաժանմունք:
2006 թ. բացվել է դեղորայքակայուն բաժանմունք, որը 2009 թ. վերանորոգվել է «ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի, Մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ: 90 մահճակալանոց այս բաժանմունքում բուժվում են այն անձինք, որոնք արտազատում են հակատուբերկուլոզային հիմնական դեղամիջոների հանդեպ կայուն հարուցիչներ: Նման հիվանդները բուժվում են DOTS plus ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Բուժման տևողությունը այս դեպքում 18-24 ամիս է: Առայժմ այս ծրագիրը պիլոտային փուլում է:
Կրծքային վիրաբուժության բաժանմունքը, վերանորոգումից հետո, կհամալրվի նորագույն սարքավորումներով. բաժանմունքի խորհրդատուն է ԱՆ գլխավոր թոքային վիրաբույժ բ.գ.թ. Հ.Սարկավագյանը: 2008թ. բաժանմունքում բուժվել է 338 հիվանդ: Բաժանմունքին կից շուրջօրյա գործում է վերակենդանացման ստորաբաժանում:
Գործում է նաև վերակենդանացման բաժանմունքը: Այդտեղ իրականացվում են ինչպես ինտենսիվ բուժական միջոցառումներ թոքային և արտաթոքային տեղակայում ունեցող տուբերկուլոզի բարդությունների դեպքում, այնպես ել հետվիրահատական խնամք:
Ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են այդ բնագավառի արդի պահանջներին բավարարող վիրահատություններ` միզասեռական օրգանների տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նպատակով (երիկամի, խոռոչային գոյացությունների , ադենոմաների, ամորձիների հեռացում, ցիստոպլաստիկա, միզապարկի TUR-բիոպսիա, ցիստոլիթոտրիպսիա և այլն): Բաժանմունքի խորհրդատուն է բ.գ.դ, պրոֆեսոր Ա.Ա. Ծատուրյանը:
Ոսկրահոդային համակարգի, մեջընդերքի և ծայրամասային ավշահանգույցների տուբերկուլոզով տառապող հիվանդները մասնագիտական բացառիկ և որակյալ բուժում ստանալու հնարավորություն ունեն, ինչպես օրինակ ողերի վերականգնումն է աուտոտրանսպլանտատով:
ՀՀՏԴ-ում հիվանդները ստանում են նաև հոգեբանական օժանդակություն:
Մանկական բաժանմունքում բուժվում են տուբերկուլոզի բոլոր ձևերով, այդ թվում մենինգիտով տառապող երեխաները ողջ հանրապետությունից: Բաժանմունքում գօրծում է 8 ամյա միջնակարգ դպրոց ` ք. Աբովյանի դպրոցներից մեկի մասնաճյուղ այն երեխաների համար, որոնք ստանում են երկարատև բուժում ստացիոնարում:


